Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռոբերտ Քոչարյան. ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար

Ռոբերտ Քոչարյան. ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար
05.12.2020 | 15:20

ՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու այս ընթացքում չէր խոսում, ասել է՝ համարում էր, որ ժամանակ է պետք, որ հանրությունն ամբողջությամբ իմանա ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իր խոսքը կլինի ավելի առարկայական։

«Ցավոք հազարավոր կորուստներ էր պետք և հայրենիքի մեկ երրորդի կորուստ, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը։ Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց ժողովրդին»,-ասել է նա։ Անդրադրադառնալով հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է․«Անկասկած։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Արվեց ամեն ինչ։ Մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել․ ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին վերջին մեկ ամսում, գրեթե ամեն ինչ ասված է։ Կարելի է իմի բերել՝ մեկ ամբողջական պատկերացում ձևավորելու համար։ Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ նույնիսկ համանախագահողները չէին հասկանում՝ Հայաստանն ինչ է ուզում։ Եվ ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի հնարքներ է հորինում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար»։

Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ մեկ չէր էլ կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով։ Նրա խոսքով՝ ըստ էության, հայկական կողմը, մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։ «Հիմա մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Դուք կարո՞ղ եք ասել։ Սրա անունը ի՞նչ է, եթե ոչ դիվանագիտական կռախ ուղղակի, ձախողում։ Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար․ պատճառը մեկն է՝ վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ այդպիսի ընկալումը մեր իշխանությունների ուղղակի մեղքն է։ «Արցախը Հայաստանն է և վերջ»-ը մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ, տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։ Սա է պրոբլեմը, նաև այս ընթացքը։ Ի դեպ, այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է։ Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից։ Իր սեփական կետն այն է, ինչ-որ ես ասացի»։


Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ՀՀ հյուսիսում՝ հուլիսյան դեպքերի ընթացքում Հայաստանն է հրահրել պատերազմը։ «Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել, որ մենք հաղթեցինք և Ադրբեջանին, և Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»։ Քոչարյանն անդրադարձել է նաև ՊՆ նախարարի հայտնի թեզին՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Նա հարց է հնչեցրել՝ ՊՆ նախարարի այդ թեզը որևէ առնչություն ունե՞ր գլխավոր շտաբի կարծիքի հետ, թե՞ չուներ։ Իրենք իրար հետ գոնե քննարկո՞ւմ էին մեր հնարավորությունները, թե՞ չէին քննարկում։ Նա նշել է, որ ըստ էության, մենք հնչեցրել ենք ՊՆ նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի
սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։ «Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով դու դրդում ես քո թշնամուն Թուրքիայի հետ շատ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցության։ Եվ մենք տեսանք դրա արդյունքը։ Ինչո՞ւ եք դատարկախոսության զբաղվել, եթե տակը բան չունեիք։ Եվ սա ևս արվում էր կառավարության անդամի կողմից, և վստահաբար կարող ենք ասել, որ վարչապետի գիտությամբ»,-ասել է նա։


Անդրադառնալով հարցին՝ իշխանությունը գիտակցաբա՞ր է պատերազմն անխուսափելի դարձրել, թե՞ ապիկարության արդյունք է՝ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը լինի իշխանություն, մենք այդ ճշմարտությունը չենք իմանա։ Ակնհայտ է փաստը, պատճառները․ գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար՝ այդ բացատրությունը ունենալու ենք միայն հաջորդ իշխանությունների ժամանակ։ Հնչում են տարբեր ինֆորմացիաներ տարբեր մարդկանց կողմից։ Ես այդ փաստի ապացույցները չունեմ, դրա համար չեմ ուզում մտնել այդ տիրույթ»։

Դիտվել է՝ 2984

Մեկնաբանություններ